«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բարեհաջող տապալել է «A» եւ »B» պլանները, հիմա անցել է պլան «C»-ին։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:   

«Նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը՝ ՕՐՕ-ն, տապալեց պլան «A»-ն՝ լուրջ քարոզարշավ, բարձր վարկանիշներ։ Տեսավ, որ չկա, բարեհաջող տապալեց պլան «B»-ն՝ հալածյալի կերպար ստանալն էր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես էին քարոզարշավի մեկնարկին հրաժարվում Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ կապ չունի իրենց հետ, հետո մենք տեսնում ենք, որ նույն Բաբայանի կերպարով փորձում էին հալածլյալի կերպար ստանալ, հետո հասկացան, որ անգամ Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում: Դրա համար երեկվանից անցել է պլան «C»-ի. եթե իրենց մոտ չի ստացվում, ուրեմն պետք է անպայման մեկին կպնել»,-նշեց Արմեն Աշոտյանն ու հավելեց. «Օսկանյանի երեկվա ասուլիսին ակնհայտ էր, որ այն ռեւերանսները, որ նա անում էր «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, դա պլան C-ն էր՝ փորձել ինչ-որ մի բան ստանալ՝ կպնելով իրենից ավելի մեծ ու հեղինակություն ունեցող ուժին»: