Մենք կողմնակից ենք լայն համախմբման, լայն կոնսոլիդացիայի այն ուժի հետ, որն իրականության մեջ փոփոխություններ կբերի: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հանդիպմումից հետո մեկնարկած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք հնարավոր է՝  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կոալիցիա կազմի «Ծառուկյան» դաշինքի հետ (ֆոտոռեպորտաժ) :

«Այն ուժը, որը կստեղծի այն բեւեռը, կամ այն ճակատը, որն իրականության մեջ փոփոխություններ կմտցնի, մենք կողմ ենք: Մենք մեր պատրաստականությունն արդեն հայտնել ենք եւ նաեւ կոչով դիմել ենք»,-ասել է նա:

Սեյրան Օհանյանը նշել է, որ իշխող հանրապետական կուսակցության հետ կոալիցիա դաշինքը չի կազմի՝ նշելով, որ Հայաստանին փոփոխություններ են պետք, որը հնարավոր չէ իրականացնել հանրապետականի հետ:

«Փոփոխություններ են պետք, եթե նույն հանրապետականի հետ կոալիցիա լինի, չեմ կարծում, որ խորը փոփոխություններ են լինելու, դրա համար մենք մեր ճակատը պետք է ձեւավորենք, ուժը, որը պետք է գնա հաղթանակի»,-ասել է նա:

Նա նաեւ անդրադարձել է ընտրություններից հետո դաշինքի գործողություններին՝ նշելով, որ փորձելու են խաղաղ ճանապարհով, օրենքի գնով հասնել արդարության, միեւնույն  ժամանակ նշելով, որ դաշինքը կլինի ժողովրդի կողքին եւ կանի այն, ինչ թելադրի ժողովուրդը:

«Կուզեի, որպեսզի մեծ խախտումներ չլինեն, լայնածավալ ընտրակեղծիքներ, մենք կլինենք ժողովրդի կողքին, ժողովուրդն ինչ կթելադրի, դա էլ կանենք: Կփորձենք յուրաքանչյուր համակիրի, գաղափարակցի ձայնին տեր  կանգնել,  նրանց արժանապատվության եւ պատվին տեր ենք կանգնելու»,-ասել է նա: