ՀՀԿ–ն համոզված է, որ իր բռնած ուղին ճիշտ է, բարեփոխումների ալիքն անշրջելի: Այս մասին, այսօր՝ մարտի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ հավաքի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Մեկ ամսում քաղաքական մրցապայքարի են դուրս եկել բոլոր քաղաքական ուժերը՝ տալով հավանական, ավելի հաճախ, անհավանական խոստումներ։ Իհարկե այդ մրցավազքի պայմաններում բարդ էր զերծ մնալ անիրատեսական խոստումներ հնչեցնելու գայթակղությունից, բայց ՀՀԿ–ն հավատարիմ մնաց իր սկզբունքներին՝ ժողովրդի հետ լինելով բաց, անկեղծ ու ազնիվ»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով, այս ընթացքում ՀՀԿ–ն մի քանի համոզմունք է ունեցել եւ առաջնորդվել դրանցով. «Առաջինը՝ մարդիկ են կերտում պատմությունը եւ ոչ հակառակը, եւ յուրաքանչյուր իշխանության պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեզնից յուրաքանչյուրը կարողանա իր եւ իր երկրի պատմության կերտողը, այն արարողն ու դրա ճարտարապետը լինել։
Երկրորդ, ՀՀԿ–ն համոզված է, որ իր բռնած ուղին ճիշտ է, բարեփոխումների ալիքն անշրջելի, իսկ նրանց կամքն ու հավատամքն՝ անկասելի։ Նրանք չեն երկնչում, որովհետեւ գիտեն, որ նրանց բռնած ուղին տանում է դեպի առաջընթաց, որի անխուսափելիության մասին փաստում են թվերը։ Հայ ժողովուրդը կարող է կասեցնել այդ ուղին, ինչպես նաեւ հավանություն տալ դրա շարունակականությանը եւ այդժամ ՀՀԿ–ն իր ձեռքից բաց չի թողի երեւույթները դեպի դրականը փոխելու հնարավորությունը։ Առաջընթացը պրոցես է, ուղղություն, ընտրություն»:
Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց ապրիլի 2-ի ընտրել դեպի անվտանգության ու առաջընթացի այն բանաձեւումը, որը ՀՀԿ–ն է առաջարկում. «Այդժամ մեզանից յուրաքանչյուրը կդառնա իր պատմության կերտողը: Ուրեմն շարժվենք առաջ դեպի առաջընթաց, որ միասին ենք հասնելու, դեպի ծրագիր, որ միասին ենք իրականացնելու, դեպի պատմություն, որ միասին ենք կերտելու, դեպի Հայաստան, որը բոլորս ենք ցանկանում, դեպի ազատ, անկախ ու ինտելեկտուալ Հայաստան»:




























