Հայաստանի իշխանությունները ցանկանում են թմրեցնել մարդկանց գիտակցությունը՝ գնելով նրանց ձայները։ Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ այդպիսով իշխանությունները լուծում են ոչ միայն պահի, այլեւ երկարաժամկետ խնդիրը՝ նրանք մարդկանց սովորեցնում են, որ ձայնը գոյություն ունի վաճառելու համար։

«Երբ ես քարոզարշավի համար գյուղեր էի մեկնում, այնտեղ սարսափելի աղքատություն տեսա։ Այդ 5 կամ 10 հազար դրամները եկամտի կենսական աղբյուր են։ Քիչ էր մնում ես նրանց ասեի՝ վերցրեք նրանցից այդ փողերը։ Վերջերս Ստեփանավանի մերձակայքում էի։ Սարսափելի աղքատություն։ Տների կեսի պատուհաններն առանց ապակու են։ Մի կերպ փակված են ցելոֆանով։ Իսկ կես ժամ հեռավորությամբ Վանաձորում իշխանությունները շքեղ համերգ են կազմակերպում քարոզարշավի համար։ Նրանց ուղղակի պետք է մեկուսացնել այն ամենից, ինչ կապված է երկրի ղեկավարության հետ»,-ասել է Բագրատյանը։

Ինչպես նշել է ընդդիմադիրը՝ երբ մարդն ապրում է այդքան անհույս, աղքատության մեջ, նրա համար դժվար է մտածել, որ ինքն աղքատ է մնում այն պատճառով, որ իր ձայնի դիմաց գումար է վերցնում։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ բնակչության առնվազն 40 տոկոսը չեն դադարում քննադատորեն գնահատել թեկնածուներին՝ ուշադրություն դարձնելով նրանց ծրագրերին։