Մինչեւ Մադրիդյան սկզբունքները, փաստաթղթերում բացակայել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Մարտի 31-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը:
Ի պատասխան հարցին` իրեն համարո՞ւմ է Մադրիդյան սկզբունքների «հայրը», ինչպես այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Օսկանյանը նշեց. «Ես ինձ համարում եմ Մադրիդյան սկզբունքների առաջին պարբերության «հայրը», քանի որ նախկին փաստաթղթերի համեմատությամբ միակ նորությունը եղել է հենց այդ պարբերությունը: Տարածքների, փախստականների եւ անվտանգության հարցերը եղել են բոլոր փաստաթղթերում: Բայց մինչեւ Մադրիդյան սկզբունքները Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթերում բացակայել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Ինքը նախագահն ասում է, որ, որ այդ ժամանակ մենք ինքնորոշման մասին կարող էինք միայն երազել: Ես այդ երազանքն իրականացրել եմ: Այո´, ես եղել եմ այն Մադրիդյան սկզբունքների առաջին պարբերության «հայրը», որին ծանոթ եմ եղել, քանի որ հետո դրանք փոփոխվել են` այս պարբերությունը տեղափոխել են 5-րդ կամ 6-րդ տեղը»:
Նախկին արտգործնախարարն այնուհետեւ շարունակեց, որ Մադրիդյան սկզբունքների առաջին պարբերությունում, որոնցով ինքը բանակցություններ է վարել, նշված էր. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր տարածքում իր բնակչության հետ կորոշի իր կարգավիճակը, եւ այդ հանրաքվեի արդյունքը կարող է ցանկացած ելքի հանգեցնել: Սա այն ժառանգությունն է, որը ես թողել եմ: Այո´, ես դրանից չեմ հրաժարվում: Եվ այսօր ես նույն համոզվածությամբ ասում եմ, որ մենք արդեն կարող ենք հաջորդ քայլը կատարել` հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` կամ անկախության, կամ Հայաստանի հետ մեկ պետության փաստին»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը:




























