Եթե մարդը նախընտրական շրջանում հանցանք է գործում, չի նշանակում, թե չպետք է պատժվի։ Այս մասին մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ-ից պատգամավորության թեկնածու Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նրա կուսակցությունը Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին քաղբանտարկյալ է համարում՝ ինչպես պնդում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։

Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՅԴ-ի հետապնդման հետ զուգահեռներ տանելը սխալ է համարել, քանի որ, նրա խոսքով, այդ օրերին, կուսակցությունն արգելված էր, դա միանշանակ քաղաքական հետապնդում էր, եւ դա «Հայաստանի նորագույն պատմության ամենատխուր էջերից է»։

«Սամվել Բաբայանին մենք գիտենք, եւ մենք նրան գիտենք լավ կողմերից՝ ազատագրական պայքարի ժամանակներից, եւ ես ցավում եմ, որ նա կապ ունի այդ պատմության հետ։ Քանի դեռ դատարանի որոշումը չկա, մարդուն չի կարելի մեղավոր համարել, բայց ես ոչինչ չեմ բացառում, քանի որ առանց ծխի կրակ չի լինում։ Քանի դեռ քննության որոշումը չկա, անիմաստ է այդ մասին խոսել, բայց մարդիկ, իհարկե, կարող են նախընտրական շրջանում օգտվել դրանից, այդ շրջանում միայն առիթ լինի, բարդ է զերծ մնալ գայթակղությունից», - ասել է նա հավելելով, որ Սամվել Բաբայանին դեռեւս վաղաժամ է քաղբանտարկյալ հայտարարել։