ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանի խոսքով, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն նախընտրական քարոզարշավի ընթացքում ավելի շատ պայքարել է ոչ թե ընդդիմադիրների, այլ «ընտրակաշառք» երեւույթի դեմ:

«Ցավոք սրտի, այս քարոզարշավում կա եւս մեկ հարց, որը մրցակցության մեջ է. «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, այսօր ավելի շատ մրցակցում  է, կամ հակամարտում է ոչ թե ընդդիմադիրների դեմ, այլ այս աղճատված ընտրակաշառքի, վարչական լծակների կիրառման հիման վրա հիմնված այս համակարգի հետ»,-ասաց նա:

Լեւոն Զուրաբյանի խոսքով, չնայած նախընտրական քարոզարշավն ավարտվում է, բայց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը շարունակելու է «Խաղաղություն» ծրագիրը:

«Հայաստանում հանդես գալով խաղաղության ծրագրով, մեր ժողովրդին հասցրինք այդ ծրագրի գլխավոր դրույթները, հիմնավորումները: Ես ուզում եմ մի քիչ զգույշ, բայց լավատեսությամբ հայտարարել, որ ժողովուրդն ընկալել է մեր ծրագիրը: Մենք դա տեսնում ենք ժողովրդի հետ անմիջական շփումների ժամանակ: Գլխավոր արդյունքն այն էր, որ ընտրությունը խաղաղության եւ պատերազմի միջեւ, ընտրությունը զարգացման հեքիաթային խոստումների եւ իրատեսական ծրագրի միջեւ դարձել է քարոզարշավի գլխավոր օրակարգային քաղաքական հարցը»,-ասաց նա: