Եթե ընտրությունները աղճատված չլինեն, ապա մենք կգրավենք առաջին տեղը: Այս մասին այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» ընտրացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով`նախնական կանխատեսումներ մնում է անել ելնելով նրանից, թե ինչպիսին կլինի քաղաքական ուժերի կողմից ադմինիստրատիվ լծակների եւ ընտրակաշառքի բաժանման ներազդեցության չափը:
«Քանի որ ընտրությունները աղճատված են, հիմա մնում է գնահատել ադմինիստրատիվ լծակների եւ ընտրակաշառքի բաժանման ներազդեցության չափը: Գիտական ուսումնասիրության մասին այստեղ խոսք անգամ գնալ չի կարող, քանի որ մաֆիայի գործունեությունը գիտականորեն ուսումնասիրել անհնար է եւ կանխատեսումների մասին խոսք գնալ անգամ չի կարող:Ու մենք արդեն ամեն տեղից լսում ենք, որ զանգվածաբար սկսել են կաշառք բաժանել մի քանի կուսակցություն: Իրար մեջ արդեն պայմանավորվել են 10.000 դրամի բաժանման մասին: Խարդախներն էլ կարող են պայմանավորվել իրար մեջ»,-ասաց Լեւոն Զուրաբյանը՝ խուսափելով անուններ նշել:
Նա նաեւ խոսեց իրենց կողմից խորհրդարանակն ընտրությունների օրը փոխելու եւ ապրիլի 2-ը որպես ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օր նշելու մասին:
«Ոչ մի արձագանք, զրո, լռություն: Սա արդեն նկարագրում է, թե ում հետ մենք գործ ունենք: Անգամ զոհվածների ծնողների կողմից հայտարարություն հնչեց, որ ցանկանում են բոյկոտել ընտրությունները։ Մենք կոչ ենք անում ծնողներին` չգնալ այդ քայլին, քանի որ դա մեծ նվեր կլինի հանցավոր ռեժիմին: Մեր պարտքն է այդ օրը մեր հարգանքի տուրքը մատուցել զոհերին, եւ մենք վաղը լինելու ենք Եռաբլուրում»,-նշեց Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ որոշ քաղաքական ուժերի կողմից Հայաստան ներդրումներ բերելու մասին հայտարարությունները լսելուց հետո հիշել է «Հազար ու մի գիշերի» Շահրազադի հեքիաթները:
«Էդ խոստումները ինձ արդեն հիշեցնում են արաբական հեքիաթները, «Հազար ու մի գիշերի» մոտիվներով Շահրազադի հեքիաթների մակարդակը։ Մենք էլ չենք ուզում հետ մնանք, ժամանակն է` մենք էլ մեր քարտերը բացենք։ Զանգահարել են իմ ընկերները, որոնց հետ ես ծանոթացել եմ Նյու Յորքում: Սթիվ Վոզնյակը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը եւ Բրումբերգը, որոնք իմ շատ մտերիմ ընկերներն են, ունեն մեծ պրոյեկտ եւ մեր հաղթանակի դեպքում խոստանում են սիլիկոնե վալեն տեղափոխել Հայաստան: Նրանք ինձ հետ հեռախոսային խոսակցության մեջ հաստատեցին այդ ամենը, եւ այդ ներդրումների հանրագումարը կազմելու է 100 մլրդ դոլար: Ինչի մենք պետք է հետ մնանք, մենք էլ մեր կարողությունները ցուցադրենք: Խոսքը գնում է շատ ավելի հարուստ մարդկանց մասին, մեր հնարավորությունները շատ ավելի մեծ են»,-ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ ինչքանել էլ քաղաքական ուժերը փորձեցին պառակտել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շուրջ հավաքված ժողովրդին, սակայն, մարտի 29-ի հավաքն ապացուցեց, որ միասնական են եւ դաշինքի շուրջ մեծ թվով քաղաքացիներ են համախմբված. «Ինչքան էլ փորձեցին պառակտել, միեւնույն է մարտի 29-ին մենք ապացուցեցինք, որ զանգվածը նորից հավաքվել է այն ուժի շուրջ, որին նա հավատում է: Մենք այս մասնատման, ընտրազանգվածի փոշիացման ծրագրի դեմը կարողացանք առնել»:
Անդրադառնալով «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված քննադատություններին, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այդ կուսակցությունն ընդհանրապես իրավունք չունի խոսել ժողովրդավարությունից եւ քննադատել առաջին նախագահին:
«Եթե ինչ-որ մեկը կա, որ ընդհանրապես իրավունք չունի խոսել ժողովրդավարական գործընթացների մասին՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակացությունն է, որովհետեւ նրանք հիմա կոալիցիայի մեջ են մտել մի կուսակցության հետ, որի հետ իբր ժողովրդավարության խորացման ռեֆորմներ էին անցկացնում: Այսինքն, եթե մենք մունաթ գալու տեղ ունենք, պետք է դաշնակցությունից մունաթ գանք: 1998թ.-ից իշխանության գլուխ եք եղել, 18 տարի անց Հայաստանում մի իշխանություն է գործում, որն իր առջեւ նպատակ էր դրել զարգացնել երկիրն առանց Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու: 18 տարիներից 14-ի ընթացքում դաշնակցությունը մաս է կազմել իշխանության, որը պետք է ապացուցեր, որ երկիրը կարելի է զարգացնել առանց հակամարտության կարգավորման»,-ասաց նա:
Նա խոսեց նաեւ ՀԱԿ խմբակցության նախկին անդամ, այժմ «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղղված քննադատությանը, հատկապես այն հատվածի մասին, թե 2008-2012թթ. համաժողովրդական շարժման ժամանակ ՀՀ առաջին նախագահը այսօրվա դիրքորոշումը չի հայտնել. «Նախ թող նա պարկեշտության դասեր չտա ՀՀ առաջին նախագահին, եւ հետո` Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ ժամանակահատվածի իր բոլոր ելույթներում հաստատել է դեռ 1997թ. Արցախի վերաբերյալ իր մոտեցումները։»:


























