Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լեհաստանի դեսպան Տոմաշ Կնոտհեի հետ։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանի պաշտոնում պարոն Կնոտհեի ծավալած գործունեության համար։
Դիվանագետն իր հերթին նշել է, որ, լինելով Հայաստանում Լեհաստանի առաջին դեսպանը, պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում ձգտել է հնարավորինս առաջ մղել տարբեր ոլորտներում փոխգործակցությունը։
ՀՀ նախագահը եւ դեսպանը համակարծիք են եղել, որ երկու երկրների հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում ունեն զարգացման մեծ հեռանկար։


























