«Քովս անկարելի բան չկայ». այսպես է պատասխանում սիրիահայ վարպետ Գեւորգ Կարապետյանը, երբ նրան հարցնում են դժվարությունների մասին: Քամիշլիում ու Հալեպում նա մետաղագործական ու էլեկտրական սարքավորումների արտադրության գործարաններ ուներ, հիմա էլ ուզում է գործը տեղափոխել Հայաստան:
Աշտարակում նրան տրամադրել են տարածք, որը նա, որդու հետ եւ մի քանի աշխատողներով, արդեն բարեկարգում է:
«Աշտարակի ժողովուրդեն շատ գոհ եմ: Ցավոք, քիչ մը անգործութիւն կայ: Կը մտածեմ` ինչ ապրանք որ դոլարով կամ եվրոյով դուրսէն կը բերեն, ես հոն կը սարքեմ, անգործութիւնն ալ վերացնեմ: Մետաղական կոնստրուկցիաներ, ստենդներ, վառարաններ, զովացուցիչներ: Քովս անկարելի բան չկայ», - ասում է վարպետը:
Աշխատանքային իր ծրագիրը նա արդեն ներկայացրել է կառավարություն ու աջակցություն ստացել:
Դժվարն իր համար այն է, որ տեղի շուկան փոքր է, իսկ շահույթի ցանկությունը` մեծ: «Սուրիոյ մէջ վաճառականութիւնը քիչ մը տարբեր է հոստեղէն: Էնտեղ վաճառականը 100-էն 1-2 կը շահեր: Հոս 10-20 կուզեն», - ասում է վարպետ Գեւորգը:
Բայց կառավարության աջակցությունից նա գոհ է ու այլ բան չի խնդրում: Հիմա նրա արտադրությանը պատրաստվում են 15 միլիոն դրամ վարկ տրամադրել` արտոնյալ պայմաններով: Երկրորդ խնդրանքն է, որ ներկրվող հաստոցներից հարկ չվերցնեն: «Սա է, ավելորդ բան մը չենք ուզեր, շատ գոհ ենք», - ասաց նա:
«Մեր քով` Սուրիոյ մէջ, լաւ օրենքներ կան: Երբ նոր գործ պիտի դնես, հաստոց կը բերես, կառավարությունը հաստոցին համար քեզմե մաքսային չի առներ, որ երկրի մէջ արտադրութիւն ստեղծուի, գործը առաջ երթա», - հավելեց նա:
Վարպետ Գեւորգն աշխատում է արդեն 55 տարի` 13 տարեկանից: Բայց ձմռան ամիսները մի կերպ անցկացրեց` սպասելով, թե վերջապես երբ կավարտի տարածքի նորոգումը ու կսկսի աշխատել:
«Իմ ուժերուս միշտ կը վստահեմ: 16 տարեկանում Լիբանանին մեջ արդեն սառնարաններու գործարանի պատասխանատու էի: 80-ականներին Սուրիա եկա, Քամիշլիին մէջ իմ ֆաբրիկան ողջ Սուրիոյ մէջ ճանչցված էր: Իմ վառարանները Սուրիոյ մէջ կը վաճառեի, կ’ուղարկեի Հորդանան, Իրաք: Զովացուցիչներ տարեկան 10 հազար հատ կը սարքեի: Հալէպին մէջ ալ ֆաբրիկա բացեցի: Հիմա ալ մնացած է, բարեկամներս հոն են: Ծայրահեղականները ֆաբրիկային վնաս տուած են, բայց աշխատել, դրամ շահել հնարաւոր է: Բայց ես կ’ուզեմ Հայաստանի մէջ գործ ընել: Թող մեր հայրենիքը քիչ մը զորանայ», - հավելեց վարպետը:



























