Արմավիրցի 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար 3 տարվա ազատազրկման դատապարտված, «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի պաշտպան Անժելա Ենգիբարյանը պնդում է, որ երեք ատյանները բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննություն չեն կատարվել:

«Դատարանը նույնիսկ մեղմացուցիչ հանգամանքները հաշվի չառավ: Իմ պաշտպանյանը երեք անչափահաս երեխա ունի, բայց դատարանը նույնիսկ քննության չառավ հարցը՝ ինչու ազատազրկման ձեւով պետք է Անահիտ Պետրոսյանը կրի պատիժը»,- NEWS.am-ին ասաց բժշկուհու պաշտպանը:

Անահիտ Պետրոսյանը պատիժը կրելու է կալանավայրում: Վճռաբեկը որոշումը հրապարակել է մարտի 21-ին, կողմերն այն ստացել են մարտի 25-ին: Առաջիկա օրերին Անահիտ Պետրոսյանը կկալանավորվի:

Նշենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), եւ յուրաքանչյուր երեխայի մասով դատապարտել 2 տարվա ազատազրկման, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ է նշանակել 3 տարի ժամկետով ազատազրկումը: Կողմերը որոշումը բողոքարկել էին, սակայն եւ Վերաքննիչը, եւ Վճռաբեկը, անփոփոխ են թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Բացի այդ՝ դատարանը Անահիտ Պետրոսյանին 1 տարի 5 ամիս ժամկետով զրկել է մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից:

Նշենք, որ ջրաշենցի երեխան հիվանդանոց էր ընդունվել 2015թ. հունիսի 16-ին՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության` սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով։ Երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան տեղափոխել էին Վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չէր  հաջողվել: Մահվան մեջ երեխայի հարազատները բժշկուհուն են մեղադրում:

Նորապատցի երեխան 2015թ. հունիսի 16-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից աղիքային ինֆեկցիայով ծայրահեղ ծանր վիճակում Երեւան էր տեղափոխվել եւ 18 օրվա կոմայից հետո մահացել: Երեխայի մայրը մահվան մեղավոր է համարում Անահիտ Պետրոսյանին: Նրա խոսքով` Անահիտ Պետրոսյանը երեխային հոգնա է արել, ներարկում, ապա կաթիլային միացրել, որից հետո 5-ամյա Էրիկը միանգամից կոմայի մեջ է ընկել: