Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մեղադրել է ԵՄ-ին իր երկրին հատկացված բազմամիլիոն ֆինանսական օգնության հսկողության գործում խոշոր բացթողումների մեջ։
«2007-2015 թթ ԵՄ-ն Մոլդովային հատկացրել էր ավելի քան 782 մլն եվրո օգնություն։ Այդ գումարի առնվազն կեսը անհետացել է մութ ճանապարհներով։ Իմ երկրի մի քանի իբրեւ եվրոպամետ կառավարությունների կոռումպացված անդամները գողացել են այդ գումարները։ Երբ ես զբաղեցնում էի Սոցիալիստների կուսակցության ղեկավարի պաշտոնը, ես բազմիցս դրա վրա հրավիրել եմ Բրյուսելի ուշադրությունը, բայց բոլոր լիազոր եվրահանձնակատարները անտեսել են դա»,- ասել է Դոդոնը գերմանական թերթին։
Նրա խոսքով, բազմամիլիոն վճարումները «պետք է ավելի խստորեն կապակցել որոշակի պայմանների»։ «Իսկ հիմա ամեն ինչ պետք է անել, որպեսզի ապագայում ԵՄ-ի ֆինանսական օգնությունը հասնի Մոլդովայի քաղաքացիներին ու ծախսվի բարեփոխումների վրա»։
Դոդոնը համարում է , որ այս առթիվ դժգոհությունը պետք է շատ լինի նախեւառաջ Գերմանիայում։ «Ինչպե՞ս պետք է հասարակ գերմանացիները հասկանան, որ իրենց հարկերից ստացվող գումարները հայտնվել են Մոլդովայում, որպեսզի կոռումպացված չինավնիկները դրանցով իրենց համար Գերմանիայում դղյակներ գնեն»։
Ըստ նախագահի՝ նախորդ կառավարությունների քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ «չնայած Բրյուսելի տրամադրած ֆինանսական օգնությանը, Մոլդովայում ԵՄ պոպուլյարությունը նվազել է 2007-ի 70 տոկոսից մինչեւ 38 տոկոս»։ «Դա տեղի է ունեցել նրա համար, որ փողերը մարդկանց չեն հասել։ Մեր քաղաքացիները տեսել են, որ շատ արեւմտամետ կառավարություններ ներառված են կոռուպցիոն սկանդալների մեջ»։ Մոլդովայի քաղաքացիների համար միակ ձեռքբերումն է դարձել «անվիզա ռեժիմը մոլդովացիների համար, որի շնորհիվ 2014-ի ապրիլին նրանց թույլատրվել է ԵՄ երկրներում գտնվել 90 օր»։
Միաժամանակ Դոդոնը քննադատաբար է վերաբերում ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրին, որն ուժի մեջ է մտել 2016-ի հուլիսին ու կողմ է, որ երկիրը միանա ԵՏՄ-ին։ «Ես անձամբ համարում եմ, որ մենք ավելի շատ կշահենք, եթե սերտ կապեր ունենանք ԵՏՄ-ի հետ։ Երկարաժամկետ հեռանկարում Մոլդովան կշահի ԵՏՄ-ին անդամակցելուց»։
Այդուհանդերձ, Դոդոնը որպես նախագահ չի կարող նման որոշում կայացնել ՝ այդ հարցը պետք է լուծվի հանրաքվեի միջոցով կամ էլ 2018-ի խորհրդարանական ընտրություններին։ «Ես առաջարկում եմ ներկա փուլում ստորագրել ԵՏՄ-ի հետ համագործակցության մասին հռչակագիր»,,- ասել է նախագահը։ Դրանից հետո մոլդովացի գյուղացիները կկարողանան նորից միրգ ու բանջարեղեն արտահանել Ռուսաստան։
Ընդհանուր առմամբ Մոլդովան, Դոդոնի կարծիքով, իր նախագահության տարիներին պետք է ավելի շատ մերձենա Մոսկվայի հետք, քանի որ ԵՄ «Արեւելյան գործընկերությունը» «այլեւս չի աշխատում այնպես, ինչպես հարկն է»։ «Մենք պետք է համագործակցենք Արեւմուտքի հետ ու Արեւելքի հետ։ Վերջին յոթ տարիները մենք կենտրոնացել ենք միայն Արեւմուտքի վրա։ Դա մեծ սխալ էր։ Մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն»,- հավելել է Դոդոնը։




























