ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գեւորգյանի մահվան պատճառը, նախնական տվյալներով, կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գեւորգյանը (նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, վերջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի 1-ին մասով եւ 182 հոդվածի 1-ին մասով 09.11.2015թ. դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով) ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով մահվան պատճառը կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հարկ ենք համարում հայտնել, որ 31.03.2017թ.-ին դատապարտյալը անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ եւ խորհրդատվություններ ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Արդյունքում` արձանագրվել է, որ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել:

Ապրիլի 1-ից Հ. Գեւորգյանը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել եւ դուրս է գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին՝ ապրիլի 5-ին, մահացել է դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը:

Հրաչյա Գեւորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից եւ ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել  բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գեւորգյանը տեղաշարժվում էր սայլակով:

Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, Գեւորգյանը տեւական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Նա նաեւ հայտարարել էր, թե ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։