Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում անցած տարվա հուլիսին ծննդկան Նաիրա Աբգարյանի մահվան գործով նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց մահացած ծննդկանի քույրը՝ տուժողի իրավահաջորդ Նառա Աբգարյանը՝ նշելով, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի  միջնորդությամբ ինքը մասնակցել է հանձնաժողովային փուլին:

«Հանձնաժողովային փուլին մասնակցելու նպատակն է եղել գործընթացին անձամբ հետեւելը եւ փորձել հասկանալ իրողությունը: Քննիչի եւ մեր կողմից դատաբժշկական հանձնաժողովին ներկայացված որոշակի հարցերին տրվել են հստակ պատասխաններ, իսկ ստացված եզրակացության հետ որոշակի հանգամանքների շուրջ հստակ պատասխաններ ստանալու համար ներկայացուցչի կողմից կներկայացվեն համապատասխան  միջնորդություններ»,- ասաց քույրը:

Նառա Աբգարյանը նշեց նաեւ, որ քույրը ոչ մի հիվանդություն չի ունեցել, որը կարող էր պատճառահետեւանքային կապի մեջ լիներ մահվան հետ. «Ծանոթանալով փորձաքննության եզրակացության բժշկական փաստաթղթերի տվյալներ բաժնին` նկատել ենք  հակասություններ տուժողի իրավահաջորդի եւ նշված փաստաթղթերում արձանագրված տվյալների միջեւ,  որի հետ կապված մոտ օրերս մեր ներկայացուցիչը  միջնորդություններ կներկայացնի վարույթն իրականացնող մարմնին: Ցավոք նախաաքննությունը քանի որ դեռ ընթացքի մեջ է, մանրամասն տեղեկություններ տրամադրել չենք կարող: Գործի հետ կապված մանրամասներ կտրամադրենք նախաքննության ավարտից հետո»:

 Նշենք, որ վիրահատությունը կատարել է Աշոտ Սիրունյանը:  Հիշեցնենք, որ 44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել 2016թ. հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր, արյունահոսություն էր սկսվել: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: