Վրաստանի քաղաքացիները հավաքվել են վրաց-թուրքական սահմանին գտնվող «Սարփի» մաքսային անցակետի մոտ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն՝ մաքսայինի թուրք աշխատակիցների հետ կապված։
Ինչպես հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ նրանք հայտարարում են, որ մաքսային անցակետի թուրք աշխատակիցները ծեծել են Վրաստանի 37-ամյա բնակիչ Ռոյին Լեոնիձեին, երբ նա իր կնոջ հետ հատելիս է եղել սահմանը։
Համաձայն տվյալներին՝ Լեոնիձեն վիրավորել է (բառերով) մաքսայինի աշխատակիցներից մեկին, որից հետո մաքսայինի 4 թուրք աշխատակիցներ ծեծել են Վրաստանի քաղաքացուն։
Ականտեսների խոսքով՝ Լեոնիձեն տեղափոխվել է Թուրքիայի Արդվին նահանգի Հոպա քաղաքի հիվանդանոց՝ Վրաստանի սահմանից ոչ շատ հեռու։
Այս րոպեներին տուժողի հարազատները գտնվում են վերոնշյալ մաքսային անցակետի մոտ, որտեղ միջադեպի հետ կապված տարերային հանրահավաք է տեղի ունենում։ Ըստ հավաքվածների՝ Լեոնիձեն գտնվում է Թուրքիայի տարածքում եւ նրանք ոչինչ չգիտեն նրա առողջական դրության մասին։




























