Շատ դժվար էր այն կարծրատիպերը կոտրել, որ կինը չի կարող բանակում տղամարդու կողքին լինել: Ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարարության Արմենակ Խամֆերյանի անվան Ավիացիոն ռազմական համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանը:

Նրա խոսքով՝ իրենք մինչ օրս փորձում են դրանք կոտրել: «Եվ դա մեզ հաջողվում է»,- հավաստիացրեց 21-ամյա Գալինան: Նա նշեց, որ սկզբում ընտանիքը դեմ էր իր մասնագիտության ընտրությանը, բայց հետո դրա հետ հաշտվեցին: «Ոչ մի տարբերություն չկա. եթե հրաման է տրվել, այն պետք է կատարել՝ անկախ հանգամանքից՝ կին ես թե տղամարդ»,- ընդգծեց Կարապետյանը: