Հայաստանյան շուկայում վերջին մի քանի օրերին ծխախոտի գնի բարձրացումը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխություններով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին մի քանի օրերին Երեւանի խանութներում նկատվում է 20-30 դրամով ծխախոտի գների բարձրացում, Հանձնաժողովից պատասխանեցին. «Քանի որ նշված շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, հետեւապես շուկան վերահսկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից: Գնային բարձրացումն արձանագրելուց հետո անմիջապես ուսումնասիրել են խնդիրը՝ պատճառները պարզելու նպատակով:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխախոտի գնի բարձրացումը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխություններով: Մասնավորապես, ուժի մեջ է մտել նոր հարկային օրենսգիրքը, որով բարձրացվել են այդ ապրանքատեսակի ակցիզային հարկի դրույքաչափերը: Նշված փոփոխությունն էլ անդրադարձել է ծխախոտի իրացման գնի վրա»: