ՀՀ Վարչական դատարանում, այսօր՝ ապրիլի 10-ին, նախագահությամբ՝ դատավոր Կ. Ավետիսյանի, հրապարակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի եւ վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:
ՀՔԱՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դատարանն անվավեր է ճանաչել Ս. Սարգսյանի՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ՀՀ ՊՆ որոշումը, ոչ իրավաչափ ճանաչել Ս. Սարգսյանի կենսաթոշակին վերաբերող փաստաթղթերը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը չփոխանցելու գործողությունները եւ պարտավորեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ փոխանցել դրանք:
Ս. Սարգսյանի կենսաթոշակի վճարումը դադարեցնելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը կարճվել է:
Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ս. Սարգսյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է դեռեւս անցած տարվանից, կերակրողին կորցնելու հիմքով կենսաթոշակ ստանալու՝ Ս. Սարգսյանի իրավունքը վերականգնելու պահանջով առաջին դատական նիստը կայացել է 2016 թ. մարտի 29-ին:




























