ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 10-ին, ավարտեց 2014թ. հուլիսի 24-ին Գյումրու Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով քննությունը:

Դատարանը որոշում կայացրեց մասնակի բավարարել Ա.Կատունյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դադարեցնելով ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զինամթերք հանդիսացող փամփուշտ պահելը) իրականացվող քրեական  հետապնդումը եւ կրճատելով ազատազրկման ձեւով նշանակված պատժաչափը 3 ամսով: Կատունյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկմանը, որը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով նշանակվել էր հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության համար։

Հիշեցնենք, որ Արման Կատունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն), սակայն նախաքննեւթյան ընթացքում, ապա նաեւ դատարանի կողմից նշանակված դատահոգեբանական երկու փորձաքննություններով հաստատվել էր, ոը Արման Կատունյանը դեպքի պահին իր գործողությունները կատարել է «կոմուլյատիվ աֆեկտի» վիճակում: Դրանից ելնելով նախաքննական մարմինը Ա. Կատունյանին նախկինում առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասից՝ սպանություն, վերաորակել էր որպես «հոգեկան խիստ հուզմունքի վիճակում» կատարած սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով: