Վճռաբեկ դատարանը մերժել է Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում 2014թ. դեկտեմբերին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ դանակահարված Տիգրան Գեւորգյանի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ բողոքը վերադարձվել է սխալները շտկելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Գեւորգյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ 3 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Նարեկ Ադամյանի փաստաբանի՝ իր պաշտպանյալին անպարտ ճանաչելու մասով բողոքը։
Տիգրան Գեւորգյանի հարազատները Տիգրանի դանակահարելու մեջ մեղադրվող Նարեկ Ադամյանի հարազատներից նաեւ պահանջում են 10 միլիոն դրամ` որպես Տիգրանի բուժման ծախսերի փոխհատուցում, սակայն պաշտպանական կողմը հրաժարվել է բուժման ծախսերի փոխհատուցումից` հիմնավորելով, որ հնարավորություն չունեն:
Արմինե Ղաբուզյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր որդին` Տիգրանը, կրծքավանդակի ու թիկունքի շրջանում կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել, մեծ քանակությամբ արյուն կորցնելու հետեւանքով տեսողությունը սկսել է թուլանալ, Տիգրանը զրկվել էր քայլելու ունակությունից։ Հետագայում Տիգրանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել, որից հետո որոշ չափով սկսել է նրա տեսողությունը վերականգնվել:
Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դանակահարության դեպքով դատաքննություն, որի ընթացքում հարցաքննվել են դպրոցի ուսուցիչները, աշակերտները: Դատարանում ցուցմունք տալուց հրաժարվել են ամբաստանյալ Նարեկ Ադամյանի մայրն ու քույրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ Վանաձորի բնակիչ 18-ամյա Նարեկ Ադամյանը դանակահարել էր 17-ամյա Տիգրան Գեւորգյանին եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ին:
Նարեկ Ադամյանը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին ու Ռոբերտին: Մայիսից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն:




























