«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 5-ին մահացած դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչները ՀՀ հատուկ քննչական ծառայություն միջնորդություն են ներկայացրել Հրաչյա Գեւորգյանի դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, NEWS.am-ը տեղեկանում է փաստաբան Արայիկ Պապիկյանից:
«Վարույթն իրականացնող մարմնից առաջիկա օրերին ակնկալում ենք պատասխան: Արդեն իսկ նշանակված փորձաքննություն պետք է լիներ, մենք մի շարք հարցեր ենք առաջարկել, որոնք պետք է դատաբժշկական փորձաքննության ընթացքում լուծում ստանան: Նաեւ պահանջել ենք մի շարք այլ տեղեկություններ տրամադրել, որոնց մասին այժմ չեմ կարող բարձրաձայնել»,-ասաց նա:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ նկատի ունենալով այն, որ նյութերում առկա փաստական տվյալներն առերեւույթ հիմք են տալիս ենթադրելու, որ հնարավոր է դատապարտյալի մահն անզգուշությամբ առաջացած լինի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որպիսի հանգամանքը ենթակա է ստուգման լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննությամբ, 2017թ. ապրիլի 7-ին Արմավիրի մարզի դատախազության դատախազի կողմից կայացվել է որոշում՝ Հրաչյա Գեւորգյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
Քրեական գործով լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից և ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գեւորգյանը տեղաշարժվում էր սայլակով:
Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, Գեւորգյանը տեւական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Նա նաեւ հայտարարել էր, թե ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։
Հիշեցնենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը բաց նամակում ահազանգել էր ՔԿՀ-ում խոշտանգումների ու ապօրինի դրամահավաքների մասին՝ նշելով կոնկրետ անուններ: նա նշել էր, որ երկու տարի է՝ ոչ կարողանում է խոսել, ոչ քայլել: Դատապարտյալն ասել էր, որ իրեն մտածված չեն տանում բուժման, որ չբացահայտվի, «մառալնի սովամահ են անում»:
Դատապարտյալը նաեւ ահազանգել էր դրամահավաքության մասին:
«Ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվե: Պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի»,- գրել էր նա:
Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:
Հրաչյա Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:




























