ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 17-ին, հայկական խաչքարերը հռչակել է իր ոչ նյութական մշակութային ժառանգության մաս կազմող արժեք։ Նման որոշում կայացվել է կառույցի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկրների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանում։ NEWS.am-ին այս մասին հայտնեցին Հայաստանի Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։
«Խաչքարի խորհուրդը եւ խաչքարագործությունը. հայկական խաչքարեր» խորագրով հայտը ներկայացրել է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, ինչպես նաեւ ժամանակակից խաչքարագործության զարգացումները:
Հատկանշական է, որ Քենիայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանի քննարկումների ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը պահանջել է փոխել հայկական հայտի անվանումը՝ սրանով փորձելով հաստատել, որ խաչքարագործության արվեստը միայն հայերինը չէ եւ այն բնորոշ է կովկասյան ալբանացիներին, որոնց հետնորդները իբրեւ թե ադրբեջանցիներն են:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանը օկուպանտ պետություն է եւ պատմությունը խեղաթյուրելու փորձ է կատարում: Հայկական հայտի բողոքարկման նպատակով ադրբեջանական կառավարության նախաձեռնությամբ դժգոհության 143 նամակ է ուղղվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, որպեսզի վերջինս թույլ չտա հայկական կողմի ներկայացրած հայտի ընդունումը: Երկարատեւ ու լարված քննարկումների արդյունքում Միջկառավարական կոմիտեն, սակայն, հաշվի չի առել ադրբեջանական կողմի պնդումները եւ ընդունել է հայկական կողմի առաջարկած («Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը») տարբերակը՝ հայկական խաչքարերը հայտարարելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության անքակտելի մաս:




























