«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կասկածում է Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի օրինական լինելու հարցում: Քարոզարշավը տեղի է ունեցել անկախ լրատվամիջոցների վրա աննախադեպ ճնշումների ֆոնին: Այդ պատճառով էլ երկրի համար կարեւորագույն բարեփոխումները մնացին առանց պատշաճ հասարակական քննարկման: Այսպես է ընդգծվում կազմակերպության հայտարարությունում, հաղորդում է DW-ն:

«Ինչպես Թուրքիայի բնակիչները կարող են ծանրակշիռ որոշում ընդունել` առանց այդ հարցի հասանելիության ու լայն լուսաբանության լրատվամիջոցների կողմից` հակասական կարծիքների գունապնակում: Ժողովրդավարությանն անհրաժեշտ է մամուլի ազատություն, եւ այն պետք է անհապաղ վերականգնվի», - հայտարարել է իրավապաշտպան վարչության ներկայացուցիչ Քրիստիան Միրը: Կազմակերպությունում կարծում են, թե Թուրքիայում տիրում է «վախի մթնոլորտ»` ուղղված ընդդեմ նախագահի լիազորությունների ընդլայնման հակառակորդների: 

Թուրքիայում Սահմանադրական հանրավքեն տեղի կունենա սույն թվականի ապրիլի 16-ին: Համազգային քվերակության են դրվել Հիմնական օրենքում փոփոխությունները, որոնք աննախադեպ իշխանությամբ կօժտեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: