Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Հալեպի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով ավելի քան 130 մարդ է զոհվել։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությամբ ապրիլի 15-ին Ռաշիդին քաղաքում մահապարտը հարձակվել է Իդլիբ նահանգից փախստականներ փոխադրող ավտոբուսների վրա։

«Առկա տվյալներով ահաբեկիչը կարողացել է ականապատված մեքենայով մոտենալ կայանատեղիում կայանած ավտոբուսներից ՝ ներկայացնելով իբրեւ երեխանեի համար սննդամթերք ու նվերներ է բերում։ Ահաբեկչության հետեւանքով զոհված 130 մարդուց 68-ը երեխաներ են»,- ասվում է հայտարարության մեջ։

«Վճռականորեն դատապարտում ենք այդ բարբարոսական ահաբեկչությունը։ Համարում ենք, որ այդ հանցագործությունը պետք է պատշաճ գնահատական ստանա միջազգային համայնքի կողմից։ Անկասկած, տեղի ունեցածը հնարավոր է դարձել Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերին Արեւմուտքի ոչ կառուցողական մոտեցումների պատճառով։ «Երկակի ստանդարտների» քաղաքականության միանշանակ դրսեւորում է ամերիկյան ռազմական ագրեսիան Սիրիայի դեմ ապրիլի 7-ին։ Այդ ֆոնին ահաբեկիչները ոգեւորվել են ու համոզվել որ իրենք չեն պատժվի։

Ռուսաստանն իր կողմից շարունակում է վճռական պայքարը Սիրիայում ահաբեկչության դեմ ու աջակցությունը այն սիրիացիներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախապատվություններից, պատրաստ են փնտրել Սիրիայում ռազմաքաղաքական հակամարտության բանակցային խաղաղ կարգավորման ու ահաբեկիչներին համախմբված դիմակայելու ուղիները»- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։