Մերձմոսկվայում ԱԴԾ կողմից ձերբակալված Աբրոր Ազիմովը, որին կասկածում են Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն կազմակերպելու մեջ, 2016-ին երկու անգամ Թուրքիա է այցելել, ընդ որում երկրորդ անգամ Ռուսաստան է վերադարձել Սեուլով, հայտնում է «Ֆոնտանկան»։

Պարբերականի տվյալներով Ազիմովը ծնվել է Ղրղզստանի Ջալալաբադ քաղաքում, սակայն 2016-ին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։

Աղբյուրի խոսքով, Ազիմովը 2016-ին երկու անգամ Թուրքիա է այցելել ռուսական անձնագրով։ Երկրորդ այցելությունից հետո՝ հոկտեմբերին ,նա Ռուսաստան է վերադարձել անսովոր ճանապարհով՝ Սեուլով ու Վլադիվոստոկով։

Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ Մերձմոսկվայում ձերբակալել է Ազիմովին։ Ձերբակալության պահին նրանից առգրավել են ատրճանակ, փամփուշտներ, բջջային հեռախոս ու լարեր։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 14 մարդ է զոհվել։ Պայթուցիկ սարքը գործի էր դրել մահապար ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովը, որը ծնունդով Ղրղզստանից էր։