Թերթը գրում է, որ նոյեմբերի 8-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նալբանդյան 33 շենքի բնակիչ Արման Թորոսյանը, ով դաժանորեն սպանել էր իր ծնողներին, բուժվել է Սեւանի հոգեբուժարանում: Արմանի՝ Սեւանի հոգեբուժարանում բուժված լինելու լուրը ճշտելու համար թերթը դիմել է հոգեբուժարան, որտեղից հայտնել են, որ 1 տարի առաջ Արման Թորոսյանը ստացել է 24-օրյա բուժում (2009 թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 16-ը), որից հետո դուրս է գրվել: «Արմանը շատ լավ վիճակում դուրս է գրվել: Նա հրաժարվել է բժշկի այցելություններից»,-«168 ժամ»-ի թղթակցին հայտնել է Սեւանի հոգեբուժարանի փոխտնօրեն Արամ Ալեքսանյանը:

Հարցին, թե Արմանի վիճակը լավ էր, այդ պատճառո՞վ դուրս գրեցին, թե՞ ծնողների միջնորդությամբ կատարվեց դա, Ալ. Ալեքսանյանը նկատել է. «Միջնորդությունն ի՞նչ կապ ունի, հիվանդի վիճակը լավ ա եղել, դուրս ա գրվել»: Նրա փոխանցմամբ՝ Արման Թորոսյանի հիվանդության ախտորոշումը հետեւյալն էր. սուր փսիխոզ, հալյուցինատոր պարանոիդ սինդրոմ: Ալ. Ալեքսանյանի հավաստմամբ՝ հենց այս ախտորոշմամբ էլ Արմանն ազատվել էր ժամկետային զինծառայությունից: «Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ Արման Թորոսյանի ծնողները օգնության համար ժամանակին դիմել էին Ոստիկանությանը՝ տղային Սեւանի հոգեբուժարանում տեղավորելու համար: Այս մասին նշել է նաեւ Սեւանի հոգեբուժարանի փոխտնօրենը»,-գրում է թերթը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի