Հայաստանի բնապահպանության նախարարությունն արձագանքել է Նոր-Նորքի, Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարեւանությամբ «Վիշապի կոթողներ» այգու տարածքում իրականացվող շինարարությանը:
Ըստ այդմ, նշվում է, որ Բնապահպանության նախարարի կողմից եղել է հանձնարարական Երեւանի տարածքային բաժնին` տեղում ուսումնասիրել եւ պարզել խնդիրը:
«Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցները ուսումնասիրել են եւ պարզել, որ վերը նշված տարածքը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Ռուբեն Կարախանյանին, ով ունի Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվություն, ինչով նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենք:
Երեւանի տարածքային բաժնի կողմից դադարեցվել են շինարարական աշխատանքները` համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 12-րդ հոդվածների պահանջների, հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի կողմից տրված ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի նախատեսվում է 1800ք/մ հողածածկույթի վրա կառուցապատել մոտ 70 տոկոսը:
Տարածքը ժամանակավորապես պարսպապատված է, կատարվում է տարածքում գոյություն ունեցող գազատարի մոնտաժման աշխատանքները:
Ծառահատման դեպք չի արձանագրվել եւ տարածքը պարբերաբար վերահսկվում է Երեւանի տարածքային բաժնի կողմից»,- ասված է ԲՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին ժամը 12:00-ի սահմաններում Նոր Նորքի վարչական շրջանի Գայի 31 շենքի հարեւանությամբ գտնվող «Վիշապի կոթողներ» այգում ծառահատման աշխատանքներ են սկսվել: Հարակից տարածքի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ բողոքում են այն բանի դեմ, որ նոյեմբերի 15-ի գիշերը, այգում ավելի քան 2 հազար քմ տարածք ալյումինե թիթեղով պարսպապատվել է, պոկվել են այգու նստարանները եւ մի քանի բանվորներ, արդեն սկսել են հատել այգու ծառերը: Նշենք, որ այգում ծառերի թիվը շուրջ 200-ի է հասնում, որոնցից ամենամեծը 30 տարեկան է:
Բնակիչների տեղեկություններով, այդ տարածքի բոլոր ծառերը հատվելու են, քանի որ այդ տեղում կառուցվելու է 18 հարկանի բարձրահարկ շենք: Ի դեպ, ըստ նրանց, անցած ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին այգում ավելացնել ծառերի, նստարանների ու կարուսելների թիվը, սակայն հիմա, ոչ միայն խոստումները չեն կատարվել, այլեւ գիշերով պոկել տարել են նստարանները, իսկ ծառերի մի մասն էլ կտրվել է:
Նշենք, որ «Վիշապի կոթողներ» տարածքում տեղադրված է Տիգրան Մեծի արձանը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ «ծովից ծով Հայաստան կերտած» արքայի արձանի համար նույնպես տեղ չգտնվի այգում:
Եվս մեկ նկատառում. «Վիշապի կոթողներ» այգու ցուցանակի վրա Հանրապետական կուսակցության զինանշանն է եւ գրված է, որ այգին բարեկարգվում է ՀՀԿ կողմից:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























