Մեռյալ ծովը՝ Երկրի ամենաաղի ջրամբարներից մեկը, որը գտնվում է ծայրաստիճան երաշտային տարածքում ու մոլորակի ամենացածր կետում, 220 հազար տարի շարունակ գրանցել է կլիմայական փոփոխությունները այս տարածաշրջանում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Կա ուղիղ կապ 220 հազար տարվա ընթացքում Մեռյալ ծովի հիդրոլոգիական ու քիմիական կազմի փոփոխությունների միջեւ,- ասել են փորձագետները,- Այդ ժամանակաշրջանը ընդգրկում է երկու սառցե ու երեք միջսառցե դարաշրջանները»։

«Մեռյալ ծովը փաստորեն գրանցել է տարածաշրջանում կլիմայի փոփոխությունները երկրաբանական ժամանակաշրջաններում, ընդ որում ջրի մակարդակը լճում խոնավ ժամանակաշրջանում բարձրացել է, իսկ երաշտների ժամանակ՝ նվազել»,- ասում են փորձագետները։ Մինչեւ վերջերս չէր հաջողվել գտնել ծովի քիմիական կազմի ու այդ տարածքում կլիմայական փոփոխությունների կապը։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Մեռյալ ծովի քիմիական կազմը փոխվում է կլիմայի փոփոխություններին զուգահեռ։

Մեռյալ ծովի հարավային մասը արդեն մասամբ չորացել է, ինչի հետեւանքով այնտեղ ձեւավորվել է յուրատեսակ աղե գոտի՝ մի քանի հարյուր մետր լայնությամբ։

Այդ եզակի ծովը արդեն մի քանի տասնամյակ է անհետացման շեմին է գտնվում՝ անցած դարի կեսերից Մեռյալ ծովի ջրի մակարդակը սրընթաց նվազում է։