Ֆրանսիայի ՆԳՆ-ն 64-ամյա Միշել Դելպյուեշին նշանակել է Փարիզի նոր ոստիկանապետ։ Կադրային որոշումը, լրատվամիջոցների տվյալներով, կապակցված է եղել նախորդ ոստիկանապետի՝ 62-ամյա Միշել Կադոյի՝ հեծանիվից ընկնելու հետ, հայտնում է RFI–ն։

Ոստիկանապետ Միշել Կադոն ընկել էր հեծանիվից ապրիլի 17-ին Փարիզի հենց կենտրոնում՝ Սիտե կղզում։ Ոստիկանապետը կոտրել էր կոնքն ու հիվանդանոց տեղափոխվել։

Դրա հետեւանքով նրան փոխարինելու մասին կադրային որոշումը «արագացվել է», գրում է 20 Minutes կայքը։ ՆԳ նախարարի առաջարկով Փարիզի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրել է Միշել Դելպյուեշը։

Միշել Կադոն Փարիզի ոստիկանապետ էր 2015-ի հուլիսից։ Նոր ոստիկանապետը պաշտոնը կստանձնի ապրիլի 21-ից, նախագահական ընտրություններից երկու օր առաջ։

Անցած շաբաթ Ֆրանսիայի ՆԳ նախարար Մաթիաս Ֆեկլը հայտնել էր, որ ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկվեն ուժեղացված միջոցառումներ։