Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է, որ ձերբակալել է Ակրամ Ազիմովին, Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովի ավագ եղբորը, հայտնում է Ինտերֆաքսը։
«Ակրամ Ազիմովն օգնել է ահաբեկչության նախապատրաստման համար գումարային միջոցներ ուղարկելու հարցում, նաեւ կապի ուղիներ կազմակերպել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել են ԱԴԾ-ից։
Ակրամ Ազիմովը, ըստ ԱԴԾ հաղորդագրության, ձերբակալվել է ապրիլի 19-ին Մոսկովսկի ավանում։ Քննչական կոմիտեում հայտնել են, որ նրա մոտ հայտնաբերվել է ՌԳԴ-5 տեսակի մարտական նռնակ։
Ավելի վաղ Ազիմովների ազգականները հայտնել էին, որ Ակրամին Ղրղզստանում ձերբակալելուց հետո հարցաքննել են, որից հետո արտաքսել Ռուսաստան ։ ԱԴԾ-ն ու ՔԿ-ն չեն հիշատակել կասկածյալի արտաքսման մասին։
Ապրիլի 3-ին պետերբուրգյան մետրոյում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 15 մարդ՝ այդ թվում մահապարտ ահաբեկիչը։
Քննության տվյալներով ահաբեկչությունն իրականացրել է ղրղզստանցի Ակբարժոն Ջալիլովը։ Աբրոր Ազիմովին ձերբակալել են ապրիլի 17-ին Մերձմոսկվայում որպես ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի։




























