Հնդկաստանն ունի կարողություններ եւ պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիօպման ժամանակ նշել է Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարին:

Կառավարությունից NEWS.am_ին հայտնում են, որ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները: «Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, եւ այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաեւ հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է եւ մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ եւ պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության,  գյուղատնտեսության եւ  այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը:

Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արեւմուտք եւ Արեւելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարեւորագույն նշանակություն եւ Հնդկաստանը կարեւորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը  գրավիչ է համարել նաեւ մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտալը ներգրավելու առաջարկությունը եւ նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին: «Կարեւորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն եւ պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք եւ կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտել է Համիդ Անսարին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել նաեւ գյուտեխնիկայի մատակարարման եւ մյուս ոլորտներում: Հնդկաստանի փոխնախագահի խոսքով, հայ-հնդկական հարաբերությունները վաղեմի են, բարիդրացիական, խոստումնալից եւ Հնդկաստանը բաց է, պատրաստակամ՝ լիարժեք համագործակցելու Հայաստանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առեւտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի: