Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը ենթարկվել է ձախ աչքի կատարակտայի հեռացման վիրահատության։
Ինչպես հայտնում է Europa Press գործակալությունը՝ հղում անելով թագավորական պալատին, պլանային միջամտությունը շաբաթ օրը անցել է առանց բարդությունների և տևել է մոտ կես ժամ։ Վիրահատությունից հետո 58-ամյա միապետը գիշերել է հիվանդանոցում։
Վիրահատությունն իրականացվել է Իսպանիայի հյուսիսում՝ Օվիեդոյում գտնվող ակնաբուժական կլինիկայում։
Կատարակտան աչքի բյուրեղիկի պղտորումն է, որը կարող է հանգեցնել տեսողության վատթարացման, պատկերի հակադրության նվազման և լույսի նկատմամբ զգայունության բարձրացման։ Սովորաբար այն բուժվում է վիրահատական ճանապարհով․ պղտորված բյուրեղիկը հեռացնում են և փոխարինում արհեստականով։
Վիրահատությունից առաջ Ֆելիպե VI-ը կնոջ՝ թագուհի Լետիսիայի, և դուստրերի՝ Աստուրիայի արքայադուստր Լեոնորի ու ինֆանտա Սոֆիայի հետ միասին մասնակցել է տարածաշրջանում անցկացված մի շարք միջոցառումների, որոնք նվիրված էին Աստուրիայի արքայադստեր մրցանակաբաշխության արարողությանը։




























