Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ օտարերկրյա զինված ուժերի ներկայությունը պետք է հասցնել զրոյի, տեղեկացնում է Mehr-ը։

Ըստ նրա, արտաքին դերակատարներն առաջին հերթին ձգտում են ապահովել Իսրայելի անվտանգությունը, իսկ նրանց ներկայությունը միայն ուժեղացնում է անկայունությունը։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ մեր տարածաշրջանը պետք է հասնի խաղաղության, որը հիմնված կլինի սեփական ուժերի վրա և զերծ կլինի օտար միջամտությունից։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը հենց տարածաշրջանի երկրների ուժերով», — հայտարարել է Արաղչին։

Նախարարը կիրակի օրը ելույթ է ունեցել Իրանի ԱԳՆ-ին առընթեր Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում կայացած արարողության ժամանակ, որը նվիրված էր Քամալ Խարազիի հիշատակին՝ Իրանի Ռազմավարական միջազգային հարաբերությունների խորհրդի նախկին ղեկավարին։

Արաղչին Իսրայելն անվանել է Մերձավոր Արևելքում հակամարտությունների գլխավոր աղբյուր և մեղադրել իսրայելցի պաշտոնյաներին տարածաշրջանի երկրների միջև տարաձայնություններ և պառակտում հրահրելու փորձերի մեջ։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի կարծիքով, վերջին տարվա պատերազմները շրջադարձային պահ են դարձել Մերձավոր Արևելքի պատմության մեջ և կործանել են նախկին տարածաշրջանային կառուցվածքները։

«Այլևս ոչինչ նախկինի պես չի լինի», — ընդգծել է նա։

Արաղչին նաև հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն այնպիսի իրավիճակի, որի դեպքում օտարերկրյա զինված ուժերը լիովին կլքեն Մերձավոր Արևելքը։ Նա նրանց ներկայությունն անվանել է անկայունության գործոն և պնդել, որ այդ ուժերը տարածաշրջան են եկել Իսրայելի պաշտպանության համար։