Շաբաթ օրը Միլանում, Հռոմում և Թուրինում հազարավոր երիտասարդներ դուրս էին եկել բողոքի ցույցերի։ Իշխանությունները փողոցներ էին հանելն ոստիկանության և զինվորական ուժեղացված ստորաբաժանումներ՝ ձգտելով թույլ չտալ անցյալ շաբաթ տեղի ունեցած անկարգությունների և թալանների կրկնությունը։ Միլանում ցույցը խաղաղ է անցել, սակայն Հռոմում և Թուրինում ցուցարարարների և ոստիկանության կարճատև բախումներ են տեղի ունեցել, հայտնում է Associated Press-ը։
Միլանում հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ։ Ցույցի մեկնարկից առաջ շքեղ բրենդների խանութներն իրենց ցուցափեղկերը փակել էին պաշտպանիչ վահաններով, իսկ քաղաքում տեղակայվել էին լրացուցիչ զինվորական ստորաբաժանումներ։ Օրվա ավարտին առևտրային կետերի մեծ մասը վերսկսել էր աշխատանքը։ Միևնույն ժամանակ Apple-ի խանութը փակ էր մնացել։
Ակցիայի մասնակիցները վիրավորական կարգախոսներ էին վանկարկում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին և կրում էին «Ոչ պետական ստին» գրությամբ պաստառներ։ Որոշ ցուցարարներ գոմաղբ էին լցրել իտալական էներգետիկ կարգավորողի շենքի մոտ և այրել էին էլեկտրաէներգիայի խորհրդանշական մեծացված հաշիվը։
Մելոնին հայտարարել է անվտանգության լրացուցիչ միջոցների մասին, ներառյալ՝ ևս 500 զինծառայողի ուղարկումը Միլան և անչափահասների համար պատիժների խստացումը։ Ոստիկանության տվյալներով, դեռահասները նախորդ անկարգությունների մասնակիցների զգալի մասն էին կազմում։ Շաբաթ օրը իրավապահները կանխարգելիչ կարգով ձերբակալել են մի քանի անչափահասների։
Անվտանգությունն ապահովում էին մոտ 5 հազար ոստիկան և ուժային կառույցների այլ աշխատակիցներ։ Իշխանությունները օգտագործում էին անօդաչու թռչող սարքեր, ստուգում էին երկաթուղային կայարաններում ուղևորներին և համացանցում հետևում էին բռնության հնարավոր կոչերին։
Անցած հանգստյան օրերին անկարգությունների մասնակիցները ջարդել են ցուցափեղկերն ու թալանել խանութները Միլանի կենտրոնում, այդ թվում՝ սպորտային հագուստ և կոշիկ վաճառող առևտրային կետերը։ Ոստիկանության տվյալներով, բռնությանը մասնակցել էին մոտ 2 հազար երիտասարդներ։ Երկու օրվա ընթացքում իրավապահները ձերբակալել են 45 մարդու, այդ թվում՝ 34 անչափահասների։
Շաբաթ օրը ուշադրության կենտրոնում հայտնվեցին նաև եվրոպական այլ քաղաքներ․ խոշոր ցույցեր տեղի ունեցան Մադրիդում, Լիսաբոնում և Տիրանայում։ Բողոքները վերաբերում են խնդիրների լայն շրջանակի՝ սկսած բնակարանի արժեքից, կենսաթոշակներից և կոռուպցիայից մինչև կրթություն և հակապատերազմական պահանջներ։
Իտալիայի իշխանությունները հետաքննում են «Հոկտեմբերի 17» շարժման գործունեությունը, որը դարձել է երկրում վերջին բողոքների գլխավոր կազմակերպիչներից մեկը։ AP-ի տվյալներով, քննությունը ստուգում է 30-ամյա լրագրող-ֆրիլանսերի առնչությունը, որին համարում են շարժման ենթադրյալ կազմակերպիչ։
Շաբաթ օրը Միլանի ցույցում կարճ ժամանակով հայտնվել է նաև ծայրահեղ աջ հայացքներ ունեցող շուրջ 30 ակտիվիստներից բաղկացած խումբը, որոնք, ըստ հաղորդումների, կապված են «Ինտերի» ֆուտբոլային երկրպագուների հետ։ Նրանք վանկարկում էին հակամիգրանտական և հակամուսուլմանական կարգախոսներ, սակայն ոստիկանությունը նրանց մեկուսացրել է ակցիայի մյուս մասնակիցներից։




























