ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը չի բացառել, որ կարող է անձամբ այցելել Ուկրաինա՝ տեսնելու իր մասնակցությամբ ձեռք բերված տեղային հրադադարի արդյունքները, գրում է New York Post-ը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ հրադադարի շուրջ բանակցություններում քահանայապետի դերի վերաբերյալ վեճերի ֆոնին ցուցաբերած աջակցության համար։

«Կտեսնենք։ Դա հնարավոր է», — շաբաթ օրը New York Post-ին ասել է Մելանիա Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինա հնարավոր այցի մասին հարցին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը գտնվում էր կնոջ կողքին, հավելել է, որ նման այցը չի բացառվում։

Առաջին տիկինն առաջին անգամ հրապարակայնորեն պատմել է Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքի շրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ձեռքբերման գործում իր մասնակցության մասին։

Ըստ նրա, ինքը շփվել է երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, և կողմերը ստորագրել են համաձայնագիր։

«Մենք խոսեցինք։ Մենք ստորագրեցինք համաձայնագիրը», — հայտարարել է Մելանիա Թրամփը։

Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել կնոջ ջանքերը՝ նշելով, որ նա ավելիին է հասնում, քան իր պրոֆեսիոնալ բանակցողներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Նա նաև չի բացառել նրա հետագա մասնակցությունը բանակցություններին։

Օլեշկին, որը գտնվում է ռազմաճակատի գծից մոտ ութ կիլոմետր հեռավորության վրա, հումանիտար աղետի եզրին է։ Պարբերականի տվյալներով, շուրջ երկու հազար բնակիչ ունեցող քաղաքում գերակշռում են տարեցներն ու երեխաները, իսկ որոշ բնակիչներ ստիպված են խոտով սնվել։ Ձեռք բերված հրադադարը պետք է հնարավորություն տա տարհանել բնակչությանը և հումանիտար օգնություն հասցնել։

Ուրբաթ օրը Մելանիա Թրամփը հայտարարել էր պայմանավորվածության ձեռքբերման մասին։ Սակայն հաջորդ օրը հարցեր են ծագել Հռոմի պապ Լևոն XIV-ի դերի շուրջ․ պարզվել է, որ քահանայապետը նույնպես կապ է հաստատել Պուտինի և Զելենսկու հետ՝ կոչ անելով նրանց դադարեցնել կրակը։ Սկզբում նա հոկտեմբերի 16-ին խոսել է Ռուսաստանի նախագահի հետ, իսկ երեք օր անց՝ ուկրաինական առաջնորդի։

«Շատ կարևոր է ստանալ Հռոմի պապի աջակցությունը։ Հրադադարը սկսվում է հոկտեմբերի 27-ին, և ես հույս ունեմ, որ ամեն ինչ կընթանա ըստ պլանի», — ասել է առաջին տիկինը։

Դեմոկրատները Մելանիա Թրամփին մեղադրել են այն բանում, որ նա իրեն է վերագրել քահանայապետի վաստակը։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է New York Post-ը, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաստատել են նրա մասնակցությունը պայմանավորվածության ձեռքբերմանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ուկրաինական օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը դրական են գնահատել նրա ջանքերը։