Բարսելոնայի կենտրոնում սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպված երիտասարդական ակցիայից հետո տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, հաղորդում է EFE-ն։

Ոստիկանության հետ բախումներին մասնակցել են սև հագուստով և կապյուշոններով դեմքերը փակած երիտասարդների խմբեր։ Մասնակիցները հրկիզել են աղբամաններ, բարիկադներ կառուցել, կոտրել ցուցափեղկերն ու թալանել խանութներ։

Կատալոնիայի ոստիկանության վերջին տվյալներով, ձերբակալվել է 128 մարդ, այդ թվում՝ 72 անչափահաս։ Եվս 15 ոստիկան վնասվածքներ են ստացել, որոնցից չորսը՝ ծանր։

Անկարգությունները սկսվել են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ի երեկոյան, Կատալոնիայի հրապարակի շրջանում։ Instituts Indignats կարգախոսով ակցիան կազմակերպվել էր ֆրանսիացի դպրոցականների Lycéens Indignés շարժման օրինակով, որը մասնակցում է Ֆրանսիայում ընթացող բողոքի ակցիաներին։ Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հրապարակում հավաքվել էին հարյուրավոր երիտասարդներ։

Ոստիկանության միջամտությունից հետո մասնակիցները բաժանվել են փոքր խմբերի և շարունակել բախումները հարակից փողոցներում։ Նրանք իրավապահների ուղղությամբ քարեր և այլ ծանր առարկաներ են նետել, հրկիզել քաղաքային ենթակառուցվածքի տարրեր և վնասել առևտրային տարածքներ։ Հրշեջները ստիպված են եղել մեկնել տասնյակ հրդեհների մարման։ Ոստիկանության տվյալներով, վնասվել է 23 առևտրային օբյեկտ։

Անկարգությունների պատճառով բազմաթիվ խանութներ փակվել են, իսկ քաղաքային ոստիկանությունը սահմանափակել է մուտքը դեպի Կատալոնիայի հրապարակ։ Նույնանուն կայարանով անցնող գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։

Բարսելոնայի քաղաքապետ Ժաումե Կոլբոնին դատապարտել է ջարդերն ու հայտարարել, որ քաղաքապետարանը կմասնակցի դատական գործընթացներին՝ պատճառված վնասի համար պատասխանատվության հասնելու նպատակով։ Նա նաև նախազգուշացրել է անչափահաս մասնակիցների ծնողների և օրինական ներկայացուցիչների համար հնարավոր հետևանքների մասին։

Կատալոնիայի կառավարության ղեկավար Սալվադոր Իլյան ընդգծել է, որ բողոքի իրավունքը ժողովրդավարական իրավունք է, սակայն դա չի արդարացնում բռնությունը։ Կատալոնիայի ներքին գործերի նախարար Նուրիա Պառլոնը տեղի ունեցածը անվանել է անիմաստ բռնություն և վանդալիզմ։

Իշխանություններն ընդգծել են, որ անկարգությունները կապված չեն բնակարանի իրավունքի պաշտպանության կողմնակիցների վրանային ճամբարի հետ, որը մի քանի շաբաթ է գործում է Կատալոնիայի հրապարակում։