Թուրքիայում արգելել են ժամադրությունների մասին հեռուստաշոուները եւ շուրջ 4.000 պաշտոնյայի ազատել են աշխատանքից՝ կապված անցյալ տարվա հուլիսի հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարդ դրության հետ:

AFP-ի փոխանցմամբ՝ այս քայլերը սահմանադրական բարեփոխումների հարցում նախագահ Էրդողանի հաղթանակից հետո իշխանությունների վերջին կոշտ գործողություններն են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Վիքիպեդիան, որը «բացասաբար է ազդում Անկարայի իմիջի վրա»:

Թուրքիայի իշխանություններն առանձին կարգադրությամբ արգելել են երկրում մեծ ճանաչում ունեցող ծանոթությունների հեռուստաշոուն:

«Չեն կարող թույլատրվել ռադիո- եւ հեռուստատեսային այնպիսի հաղորդումները, որտեղ մարդիկ ծանոթանում են՝ իրենց համար ընկեր գտնելու նպատակով»,- ասված է կարգադրության տեքստում: