Այսօր` նոյեմբերի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում, «Հայռուսգազարդ» ընկերությունից մի փոքր ներքեւ, «ՎԱԶ-21099» մակնիշի 11 ՍԼ 634 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Դեպքի վայր ժամանած «1-03» շտապ օգնության ծառայության մեքենան քաղաքացուն տեղափոխել  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածը 60-65 տարեկան տղամարդ է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են Երեւան քաղաքի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները` պետի օպեր գծով տեղակալի գլխավորությամբ:

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, ովքեր սկսեցին տեղազննման եւ չափագրման աշխատանքներ կատարել:

Մեր տեղեկություններով, վարորդը ՊՆ աշխատակից Արայիկ Հրանտի Հովհաննիսյանն է (կոչումով մայոր): Նա Կոտայքի մարզի Բալահովիտի զորամասի վառելիքա-քսուքային նյութերի (ГСМ) շտաբի պետն է, ով ներկա պահին ՃՈ աշխատակիցների հսկողության տակ է: ՊՆ աշխատակիցն իր չի ունեցել ո՜չ վարորդական իրավունքի վկայական, ո՜չ էլ մեքենայի տեխնիկական անձնագիր, պատճառաբանելով, թե թողել է տանը, իր մոտ միայն ծառայողական վկայականն է:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի