2005-ին տեղի էր ունեցել Հոլանդիայի պատմության մեջ խոշորագույն կողոպուտներից մեկը։ Մի խումբ զինված մարդիկ ներխուժել էին Ամստերդամի օդանավակայանի փակ տարածք, վախեցրել աշխատակիցներին, իսկ հետո օդանավակայանի փակ ավտոկայանատեղիից առեւանգել զրահապատ մեքենան, որի մեջ թանկարժեք քարեր էին։ Այդ ադամանդները պետք է տեղափոխվեին օդանավով։
Այն ժամանակ իրավապահները հայտնաբերել էին ադամանդների մի մասը ու ձերբակալել մի քանի կասկածյալների, բայց անբավարար ապացույցների պատճառով նրանք ստիպված են եղել նահանջել։ 43 մլն դոլար արժողության թանկարժեք իրերը այդպես էլ չէին հայտնաբերվել, յոթ կասկածյալներին հաջողվել է կալանավորել միայն այս տարվա հունվարին։
Ոստիկանները փորձել էին հանցագործության մասին ռեպորտաժ պատրաստող լրագրողներ ձեւանալով՝ ներդրվել հանցախմբի մեջ։
Ծպտյալ ոստիկանները խուսափում էին կողոպուտի առանցքային կազմակերպիչների հետ շփումներից, բայց տեղեկություններ էին հավաքում նրանց շրջապատի միջոցով։ Հետաքննության արդյունքում ձերբակալված կասկածյալները դատարանի առաջ կկանգնեն մայիսի 3-ին։




























