Մեծ Բրիտանիայում գտել են դաշտում լքված Ferrari 488 GTB, հայտնում է Daily Star–ը, որը թվիթերում հրապարակել է մեքենայի լուսանկարը։ Ըստ երեւույթին մեքենան լքվել է այնտեղ վթարից հետո։
Մեքենան հայտնաբերել են Հադերսֆիլդ քաղաքից ոչ հեռու։ Այն չունի առջեւի թեւ ու հայելիներ, վնասված է նաեւ ծածկը։ Ենթադրաբար սուպերքարը կորցրել է կառավարումը հարակից ճանապարհին, որից հետո դուրս է եկել ճամփեզրից ու հայտնվել դաշտում։
Այն մասին, թե ինչքան ժամանակ է մեքենան կանգնած մնացել դաշտում, չեն հայտնում։ Բրիտանական շուկայում 488 GTB-ի արժեքը սկսվում է մոտ 180 հազար ֆունտ սթերլինգից։
Մի քանի տարի առաջ Դուբայի օդանավակայանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել էր Ferrari Enzo, որը այնտեղ կանգնած էր մնացել 20 ամիս։ Սեփականատերը, որը Մեծ Բրիտանիայում է բնակվում, իր մեքենան այնտեղ էր թողել հսկայական տուգանքների պատճառով, որոնք չէր կարողացել վճարել։ Նա պարզապես թողել էր մեքենան օդանավակայանում ու վերադարձել հայրենիք։




























