Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաք կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսել է ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարան (նախկինում՝ Ն.Ա.Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ) կատարած այցով։
Հենց այս ուսումնական հաստատությունում է բարձրագույն կրթություն ստացել ու թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Տիգրան Սարգսյանը համալսարանի ռեկտոր Իգոր Մաքսիմցեւի ուղեկցությամբ շրջել է բուհի լսարաններով, ծանոթացել պայմաններին, ապա հանդիպել իրեն դասավանդած պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ավարտին վարչապետին շնորհվել է համալսարանի արծաթե հուշամեդալ, իսկ վարչապետ Սարգսյանը բուհի պրոֆեսորադասախոսական կազմին է հանձնել իր մենագրության օրինակներ, հայ մշակութային ժառանգության վերաբերյալ գրքեր։
Կառավարության ղեկավարը գրառում է կատարել նաեւ համալսարանի հուշամատյանում: Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարանը համարվում է Ռուսաստանի ամենախոշոր ուսումնական հաստատություններից մեկը։
Վարչապետ Սարգսյանի հաջորդ կանգառը Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանն էր, որտեղ նա մասնակցել է ականավոր հայ գիտնական, արեւելագետ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին նախագահ Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, Հովսեփ Օրբելու ժառանգները, գիտնականներ եւ համայնքային գործիչներ։ Նշենք, որ կիսանդրու հեղինակը քանդակագործ Լեւոն Բայբությանն է։ ՀՀ վարչապետի խոսքով, իր համար մեծ պատիվ է, որ Սանկտ Պետերբուրգում բացվում է հայ ազգի մեծագույն զավակներից մեկի կիսանդրին։ «Շնորհակալ եմ, որ մինչ օրս ըստ արժանվույն հիշում եք Հովսեփ Օրբելուն, ով մեծ աշխատանքներ է իրականացրել գիտության եւ գիտության կազմակերպման ոլորտներում»,- նշել է Տիգրան Սարգսյանը։ Ըստ նրա` 21-րդ դարում առանձնահատուկ ուշադրություն պետք է ցուցաբերել գիտության ոլորտին եւ գնահատել այս ասպարեզում գործող մարդկանց, քանի որ այդ դեպքում մեր երկրների զարգացումն ավելի արագ կապահովվի։
Վարչապետը ծաղկեպսակ է դրել ականավոր գիտնականի կիսանդրու առջեւ` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։
Այսօր երեկոյան վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան։



























