Վրացական մամուլում Շամխորեցոց սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին հոդվածը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել. բազմաթիվ քաղաքացիներ քննադատել են երկրի համապատասխան մարմինների, հատկապես քաղաքապատերանի գործունեությունը, որը թույլ է տվել եկեղեցու մոտ եռահարկ շինություն կառուցել, հաղորդում է «Ալիք մեդիան»:

Վրաստանյան Liberali.ge պարբերականը այս թեմայով արդեն երկրորդ ծավալուն հոդվածն է հրապարակում՝ անհանգստություն հայտնելով, որ անուշադրության մատնված խոնարհված հայկական եկեղեցու կողքին վեր խայոցող բնակելի շենքի նախագիծը Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության դրական գնահատականին է արժանացել:

«Մշակութային ժառանգության մասին օրենքի 41-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ կետերի համաձայն` Թբիլիսիի Իսանի 28 հասցեում բնակելի շենք կառուցելու թույլտվության հարցն ուղղարկվել է Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարություն, որտեղից դրական պատասխան է ստացվել»,- հարցին ի պատասխան պարբերականին տեղեկացրել են Թբիլիսիի քաղաքապետարանից:

Թեման մեծ աղմուկ է հանել սոցիալական ցանցերում, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ են տարածել հոդվածը։ Մեկնաբանություններում օգտատերերը քննադատում են Մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարարությանն ու Թբիլիսիի քաղաքապետարանին։

«Ահա եւ սա է Վրաստանի արդարադատությունն ու հանդուրժողականությունը», գրում են օգտատերերը՝ անամոթություն որակելով տեղի ունեցածը։

«Անամոթ մարդկանց որոշումներով ամեն ինչ քանդվում է», «Վախենում եմ մի քիչ շատ կանգնեմ փողոցում․ հնարավոր է իմ վրա էլ շենք կառուցեն» եւ նման բազմաթիվ գրառումներ այս օրերին հեղեղել են սոցիալական ցանցերը։

Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է վիճելի վեց եկեղեցիներից մեկը։ Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ պատմական հուշարձանների վերականգման աշխատանքները սկսվել են՝ առաջնահերթությունը տալով վատթարագույն վիճակում գտնվողներին։

Այսօր Շամխորեցոց եկեղեցու միայն արեւելյան պատն է կանգուն, որը մասնագետների գնահատմամբ, շատ հնարավոր է, որ փլուզվի 5-6 մետր հեռավորության վրա ընթացող շինարարության ընթացքում։

Նշենք, որ Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում բնակելի շենքի կառուցման նախագիծը Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության դրական գնահատականին է արժանացել: Հենց սա էլ առաջ է բելեր հայերի զայրույթը: