Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլում Ցեղասպանության հարցում համարձակ դիրքորոշմամբ հայտնի «Բելգե» հրատարակչության գրասենյակի վրա Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինների գրոհին, որի ժամանակ առգրավվել է 2000-ից ավելի գիրք:

Նա Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Բելգե» հրատարակչությունը փաստաթղթավորել է Թուրքիայի հանցագործությունների պատմությունը: Ձեր առգրաված գրքերը գոնե կարդացեք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մայիսի 7-ի երեկոյան գրոհել են հայտնի «Բելգե» հրատարակչության գրասենյակը եւ առգրավել ավելի քան 2000 գիրք:

Թուրքական մամուլի փոխանցմամբ, հրատարակչության հիմնադիր եւ տնօրեն, թուրք պատմաբան, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով, ոստիկանների գործողությունն անօրինական է, քանի որ առգրավման մասին դատական որոշում չի եղել:

Նշենք, որ «Բելգե» հրատարակչությունն առաջիններից էր Թուրքիայում, որն անդրադարձել է Հայկական ցեղասպանության թեմային դեռեւս 1990-ականների սկզբին: