Մայիսի 10-ին Էնգելսի շրջանային դատարանում սկսել են քննել քաղաքի դատախազ Վլադիմիր Կլիմովի հայցը՝ Մայա մականունով էգ առյուծը Երոյանների ընտանիքից առգրավելու մասին, հայտնում է «Վզգլյադ ինֆոն»։

Նիստն անցել է դատավոր Նատալյա Սավենկովայի նախագահությամբ։ Դատավարությանը մասնակցում էին Էնգելսի դատախազի տեղակալ Մաքսիմ Կաշեն Բաժենովը, պատասխանող կողմը՝ առյուծ պահող Եղիշ Երոյանը, նրա փաստաբան Լարիսա Պետրին։

Դատախազության ներկայացուցիչը խնդրել է դատարանին  առգրավել գիշատչին Երոյանների ընտանիքից, նաեւ նրանց արգելել տանը առյուծ պահել։ Իր պահանջը դատախազի տեղակալը հիմնավորում էր նրանով, որ կենդանին պահվում է կիսազատ պայմաններում, եւ չի ստացել անհրաժեշտ պատվաստում։

Երոյանի փաստաբանը դատախազության աշխատակցին խնդրել է բացատրել, թե ինչ է նշանակում «կիսազատ պայմանները»։ Նա էլ պատասխանել է, որ «պահման պայմանները չեն համապատասխանում պահանջվածին»։

Փաստաբանը պնդում է, որ Մայան ունի համապատասխան վանդակ։

Դատավորի վճռով նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 22-ը՝ երրորդ կողմի՝ Սարատովի շրջանի որսորդական տնտեսության կոմիտեի բացակայության պատճառով։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Էնգելսում Տուրգենեւ փողոցի տներից մեկի մոտ Մայա առյուծը հարձակվել է 15-ամյա դեռահասի վրա։ Տղան վնասվածքներ է ստացել ու դիմել բուժօգնության։ Այդ պատմությունը լայն հասարակական արձագանք է առաջացրել։ Էնգելսի դատախազ Վլադիմիր Կլիմովը դիմել է դատարան՝ պահանջելով Երոյանների ընտանիքից առգրավել Մայա առյուծին ու նրան կենդանաբանական այգի տեղափոխել։