Հաղորդագրություններն այն մասին, որ Եվրոպայից ԱՄՆ չվերթներում կարող է արգելվել օդանավի սալոնում նոութբուքեր ու միջին չափերի այլ էլեկտրական սարքեր փոխադրելը, բացասական արձագանք են առաջացրել Գերմանիայում, փոխանցում է DW-ն։
«Մենք ամբողջովին վստահում ենք այն հսկողությանը , որը իրականացվում էր առայսօր»,- հայտնել է ADV քաղաքացիական օդանավակայանների միավորման ղեկավար Ռալֆ Բայզելը
Նրա խոսքով, անվտանգության տեսակետից չկան որեւէ տվյալներ, որոնց հիման վրա պետք է արգելել օդանավում էլեկտրական սարքերի փոխադրումը։ Բայզելը նշել է, որ անպատասխան են մնում նման արգելքի հնարավոր ներդրման հետ կապված մի շարք գործնական հարցեր։ Նա հավելել է, որ նման միջոցառումը ուղեկցվելու է չվերթների ուշացումներով ու զգալի ծախսերով։
Նախօրեին ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչը հաստատել էր, որ Վաշինգտոնում քննարկվում է՝ Աֆրիկայի ու Մերձավոր արեւելքի տասը օդանավակայաններում մարտից գործող արգելքը եվրոպական ուղղությունների վրա տարածելու հարցը։ Վերջնական որոշում դեռ չի կայացվել։



























