Մեքսիկացի Կոնստանտինո Բանդա- Ակոստան, որին վերջին 15 տարիներին 15 անգամ արտաքսել են ԱՄՆ-ից, կալանավորվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար։

Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյում։ 38-ամյա մեքսիկացին հարբած վիճակում մեքենա վարելիս բախվել է մարդատար մեքենայի։ Վթարի հետեւանքով տուժել է մի 6-ամյա երեխա, որը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել։ Կոնստանտինո Բանդա Ակոստան փորձել է փախուստի դիմել, բայց կես ժամ անց նրան ձերբակալել են։

Վերջին անգամ Բանդա Ակոստային արտաքսել էին այս տարվա հունվարի 18-ին։ Նրա վարորդական իրավունքն արդեն երեք անգամ չեղարկվել է, նրան նաեւ մեղադրում էին նախկին կնոջ նկատմամբ ընտանեկան բռնության մեջ։ Վթարից հետո մեքսիկացուն կալանավորել են ու 100 հազար դոլարի չափով գրավ նշանակել՝ ազատ արձակվելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում Կոնստանտինո Բանդա Ակոստային սպառնում է յոթ տարվա ազատազրկում։