ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգում ծնվել է վեց ոտք ունեցող հորթ, հայտնում է The Bismarck Tribune-ը։
Թերզարգացած զույգ վերջույթները կենդանու վզին են կպած։ Դրանք զգալիորեն կարճ են հորթի առջեւի ու ետեւի ոտքերից։ Այդ ամենով հանդերձ՝ հորթը միանգամայն առողջ է ։
«Ես ամբողջ կյանքում անասնապահությամբ եմ զբաղվել, բայց երբեք նման բան չեմ տեսել»,- ասել է 59-ամյա ագարակատեր Ջերալդ Սկալսկին։ Նա մտադիր է դիմել անասնաբույժին ու խնդրել անդամահատել հորթի ավելորդ ոտքերը, որպեսզի դրանք չխանգարեն նրան։
Անասնաբույժ Սյուզան Քելլերը համարում է, որ այդ անոմալիայի պատճառը կարող էին լինել գենետիկ խանգարումները, որոնք ավելորդ վերջույթների զարգացմանն են հանգեցնում։ Նա խորհուրդ է տվել ստուգել հորթի ու նրա ծնողների ԴՆԹ-ն։
Մեկ այլ անասնաբույժ՝ Ջերալդ Քիթոն ասում է, որ իր պրակտիկայի ընթացքում 3-4 նման դեպք է հանդիպել։ Նա համարում է, որ թերզարգացած վերջույթները կարող էին պատկանել մակաբույծ երկվորյակին, որի զարգացումը դադարել է սաղմնային զարգացման վաղ փուլերում։




























