Թուրքիան արդեն երկար տարիներ փորձում է բալիստիկ հրթիռ ստեղծել, սակայն աշխատանքի հաջողության մասին խոսելու համար դեռ վաղ է։Այս մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով լրատվամիջոցների հաղորդագրությունները Թուրքիայում մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների օրերս անցկացված փորձարկումների մասին։
«Աշխատանքները վաղուց են իրականացվում, չինացի ու ուկրաինացի մասնագետների հետ համատեղ։ Սակայն թե հատկապես ինչ է հաջողվել ստեղծել, բարդ է ասել ու առայժմ չի կարելի խոսել հաջողության կամ հաջողության բացակայության մասին»,- նշել է փորձագետը։
Խոսելով այն մասին, թե Թուրքիայի մոտ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների հայտնվելը ինչպես կարող է ազդել տարածաշրջանի հետագա իրավիճակի վրա՝ Արկադի Գրիգորյանը նշել է, որ դա կարող է որոշ առումով լրացուցիչ բարդություններ ստեղծել։ «Սակայն լավ բալիստիկ հրթիռ ստեղծելը հեշտ չէ։ Պակիստանն արդեն ավելի քան քառորդ դար փորձում է նման հրթիռ ստեղծել ու դեռ չի հասել ցանկալի արդյունքի»,- հիշեցրել է փորձագետը։


























