Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, ՀՀԿ անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ով ՀՀԿ-ի ցուցակով ընտրվել է պատգամավոր, օրենսդրական  գործունեությունը սկսելու է ավագ դպրոցների դեմ պայքարով:

NEWS.am-ի հարցին՝ ինչո՞ւ էր ձգտում  դառնալ պատգամավոր եւ մասնավորապես ի՞նչ է անելու Ազգային ժողովում, Հակոբ Բեգլարյանը պատասխանեց, թե շատ նախագծերով է հանդես գալու, որից մեկն էլ վերաբերելու է ավագ դպրոցների խնդրին: 

«Շատ նախագծերով եմ հանդես գալու, օրինակ, ավագ դպրոցների վերաբերյալ, ես դեմ եմ ավագ դպրոցների ինստիտուտին»,-ասաց Հակոբ Բեգլարյանը՝ նշելով, որ առաջարկելու է օրենք ընդունեն, որ այդ «ինստիտուտը» փոխվի: 

Բեգլարյանն իր գաղափարի մանրամասները խուսափեց ներկայացնել՝ հորդորելով սպասել խորհրդարանական գործունեությանը:  Նա վստահեցրեց նաեւ, որ Ազգային ժողովում «կոճակ սեղմողներից» չի լինելու:

Հիշեցնենք, որ Հակոբ Բեգլարյանին եւ իր տեղակալներին Պետական գնումների գործակալության պաշտոնից ազատեցին ոլորտում արձանագրված չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների հիմնավորմամբ, իսկ  չարաշահումների մասին ֆինանսների նախարարը պաշտոնապես  հայտարարեց կառավարության նիստում:

Բեգլարյանը առաջադրվել էր Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում, նրա օգտին արձանագրվել էր մոտ 26 000 քվե։