Բանակում ծեծվելու հետեւանքով հոգեկան խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան՝ ընդդեմ զինվորական դատախազության անգործության: NEWS.am-ի հետ զրույցում Արա Ղարագյոզյանը նշեց, որ բողոքը պետք է քննվեր մայիսի 14-ին, սակայն, Արթուր Հակոբյանը դատարան չի ներկայացել եւ դատական նիստը հետաձգվել է մինչեւ հունիսի 2-ը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել է հանցադեպի բացակայության հիմքով:  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:

Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:

Նշենք, որ 19-ամյա Արթուր Հակոբյանը, թեեւ հոսպիտալից տուն է տեղափոխվել, բայց չի ապաքինվել. պարբերաբար ուշագնաց է լինում, սրտխառնոցներ ունենում: Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, ընտանիքը բավականաչափ գումար չունի: